Թբիլիսիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերազանց մրցելույթ են ունեցել մինչև 77 կիլոգրամ քաշային կարգը ներկայացրած ծանրորդներ Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը: Երկամարտի մեծ ոսկու համար պայքարը ծավալվել է նրանց ու ռուսաստանցի Վիկտոր Գետցի միջև:
Առաջին` պոկում վարժությունում պարզապես հմայեց քսանամյա Անդրանիկ Կարապետյանը, ով, որոշակի հանգամանքների բերումով, մեկ տարուց ավելի մրցելույթ չէր ունեցել խոշոր ստուգատեսներում: Պատանեկան ու երիտասարդական մրցահարթակներում փայլած այս հիրավի տաղանդավոր մարզիկն անգերազանց էր բարձրացրած 164 կիլոգրամով: Սա ամրության նկատելի պաշար էր երկրորդ վարժությունից առաջ, որտեղ նա պակաս արդյունավետությամբ է մրցելույթներ ունենում: 160 կիլոգրամով Տիգրան Մարտիրոսյանը երկրորդն էր: Նույնքան ծանրություն էր սանձահարել և ռուս մարզիկը, ով անձնական քաշով գերազանցում էր մեր երկու մարզիկներին էլ:
Պայքարը շատ ավելի դրամատիկ ընթացք ստացավ հրում վարժությունում: Անդրանիկին միայն երկրորդ մոտեցումից հաջողվեց բարձրացնել 186 կգ կշռող ծանրաձողը, իսկ 193-ին մոտեցումն անհաջող եղավ: Արդյունքում ոսկու համար մնաց երկու մրցակից` Վիկտոր Գետցն ու Տիգրան Մարտիրոսյանը: Ոսկուն տիրանալու համար ռուսը գրոհեց 197 կգ կշռող ծանրաձողը, սակայն մրցավարները տեխնիկական խոտան արձանագրեցին և ստացվեց այնպես, որ Տիգրան Մարտիրոսյանի բարձրացրած 191 կիլոգրամը բավականացրեց երկամարտի ոսկին նվաճելու համար: Երկամարտում նույն 351 կիլոգրամը ֆիքսեց և Գետցը, ինչը բերեց արծաթե մեդալ: Անդրանիկ Կարապետյանը երրորդն էր երկամարտի 350 կիլոգրամով:
Եթե Անդրանիկի մեծ բրոնզե ու փոքր ոսկե մեդալի կողքին հաշվենք Տիգրան Մարտիրոսյանի մեծ ոսկե, արծաթե երկու փոքր մեդալները, այդ օրը թբիլիսյան մրցահարթակը մեր հավաքականին պարգևեց ընդհանուր թվով հինգ մեդալ: Սա հիրավի մեծ հաջողություն էր թե՛ մեր հավաքականի, թե՛ մասնավորապես աշխարհի 2010 թ., Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Տիգրան Մարտիրոյանի համար, մանավանդ եթե նկատի ունենանք, որ վերջին տարիներին վնասվածքները լրջորեն խանգարում էին տաղանդավոր այս մարզիկին:
Շատ ուրախալի պիտի համարել նաև Անդրանիկ Կարապետյանի հաջողված նորամուտը մեծահասակների մրցահարթակ, ինչը խոսում է այս քաշային կարգում բարձրակարգ հերթափոխ ունենալու մասին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ